Գործունեություն
Ատելության խոսքի հաղթահարման հիմնական ուղղությունները

Ատելության խոսքի հաղթահարման հիմնական ուղղությունները

Քաղաքական գործիչների համար կազմակերպված ևս մեկ արդյունավետ երկօրյա դասընթաց անցկացվեց ի շնորհիվ՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցության։ Դասընթացը «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի շրջանակներում։

Ամփոփելով նշենք, որ մասնակիցների թվում էին 9 կուսակցությունների 25 ներկայացուցիչներ։ Այդ թվում նաև՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, սահմանամերձ համայնքի վարչական ղեկավար, Հրազդան, Աշտարակ, Գյումրի համայնքների ավագանիներ, կուսակցությունների կառավարման մարմինների անդամներ, կուսակցականներ։

Դասընթացի նպատակն էր նպաստել ատելության խոսքի բացառմանը քաղաքական գործիչների խոսույթից, ինչպես նաև ստեղծել համագործակցության հարթակ՝ համատեղ ջանքերով ատելության խոսքի դեմ պայքարելու համար։

Կարևոր է նկատել, որ դասընթացն արդյունավետ ու մասնակցային էր: Դասընթացի ժամանակ ակտիվ քննարկումների և տարաբնույթ, այդ թվում նաև էլեկտրոնային գործիքակազմի կիրառմամբ, գործնական ու արդի գիտելիքներ փոխանցվեցին մասնակիցներին։

Դասախոսություններով հանդես եկան.

  • Փաստաբան, ատելության խոսքի ոլորտի մասնագետ, Եվրոպայի խորհրդի փորձագետ Արա Ղազարյանը, ով ներկայացրեց «Ինչ է ատեության խոսքը» թեման։

  • PR մասնագետ, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, դոցենտ Նվարդ Մելքոնյանը, ով ներկայացրեց «Հաղորդակցության հմտություններ. լինելով տարակարծիք` չդառնալ ատելության խոսքի տարածող» թեման։

  • ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական, ՄԻՊ գրասենյակի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Մոնիկա Սարգսյանը, ով մասնակիցներին ներկայացրեց «Ատելության խոսքը և մարդու իրավունքները. ի՞նչ է հարկավոր վերանայել ներպետական օրենսդրական դաշտում մարդու իրավունքների պաշտպանության համար» դասախոսությունը։

  • Մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանը, ում դասախոսությունը նվիրված էր «Ինչպես աշխատել լրատվության միջոցների հետ՝ բացառելով ատելության խոսքը» թեմային։

  • Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Արփինե Հովհաննիսյանը, ով լսարանին մատուցեց «Կեղծ լուրերը` որպես ատելության խոսքի տարածման միջոց. պաշտոնատար անձանց քննադատությունը» թեմայով դասախոսություն։

  • «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փորձագետ Հասմիկ Հարությունյանը, ով խոսեց «Ատելության խոսքը և մարդու իրավունքները. տեսանելի և ոչ տեսանելի հետևանքներ»֊ից։

 Դասընթացի ավարտին, «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահ Տաթևիկ Մատինյանի կողմից, վկայականներ հանձնվեցին բոլոր մասնակիցներին։