«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագիրի երկրորդ օրվա ամփոփում
Երկրորդ օրը մեկնարկեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ և իրավապաշտպան Արթուր Սաքունցի ուշագրավ բանախոսությամբ։
Իրավապաշտպանության ակունքներում գտնվելով՝ պարոն Սաքունցը կիսվեց իր հարուստ փորձով, ներկայացրեց ոլորտի մարտահրավերներն ու խնդիրները՝ մատնանշելով դրանց լուծման ուղիները։
Քննարկման ընթացքում նա ընդգծեց, որ իրավապաշտպանությունը նպատակ ունի պաշտպանել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ անհատական, խմբային և հասարակական մակարդակներում։ Այն կոչված է ապահովել, որ յուրաքանչյուր անձ՝ անկախ ծագումից, սեռից, ազգությունից կամ այլ հատկանիշներից, ունենա հավասար իրավունքներ և դրանք լիարժեք իրացնելու հնարավորություն։
«Իրավապաշտպանները հաճախ կենտրոնանում են օրենքների կատարելագործման, հասարակության իրազեկության բարձրացման, խտրականության դեմ պայքարի և արդարադատության համակարգի կատարելագործման վրա։ Նրանք բարձրաձայնում են մարդու իրավունքների խախտումների մասին, աջակցում խոցելի խմբերին և ներգրավվում կրթական ու իրավական նախաձեռնություններում»,- նշեց պարոն Սաքունցը։
Իրավապաշտպանների խոսույթում բազմիցս անդրադարձ է լինում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ)։ Բնական է, որ այս կարևոր թեման չէր կարող շրջանցվել նաև մեր ծրագրի շրջանակում։ Թեման մանրամասնորեն ներկայացրեց փորձառու փաստաբան և միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Պարոն Ղազարյանը բացատրեց, թե ինչպես է ՄԻԵԴ-ը նպաստում կանանց իրավունքների պաշտպանությանն ու խրախուսում սեռային հավասարությունը։ Նա առանձնացրեց մի քանի կարևոր ուղղություն՝
1. Կանանց նկատմամբ խտրականության հարցեր
ՄԻԵԴ-ը վճռորոշ դեր ունի այն գործերի լուծման մեջ, որտեղ կանայք բախվում են խտրականության։
2. Ընտանեկան բռնության դեմ պայքար
Դատարանի որոշումները ստիպում են պետություններին ուժեղացնել իրենց օրենսդրությունն ու պաշտպանական մեխանիզմները՝ հատկապես ընտանիքներում կանանց պաշտպանության նպատակով։
3. Աշխատանքային իրավունքներ
ՄԻԵԴ-ում քննարկվում են նաև աշխատավայրում սեռային խտրականության դեպքերը։ Դատարանը պարտադրում է պետություններին ստեղծել հավասար պայմաններ, կանխել խտրականությունը աշխատավարձերի, պաշտոնի առաջխաղացման և այլ գործոնների հարցերում։
Արա Ղազարյանը նաև ընդգծեց, որ ՄԻԵԴ-ը ոչ միայն իրավական պաշտպանություն է տրամադրում, այլև կրթում է հասարակությանը կանանց իրավունքների կարևորության մասին։ Դատարանի որոշումները հիմք են հանդիսանում իրավական և հասարակական մտածելակերպի փոփոխությունների համար։
Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությունը, ըստ պարոն Ղազարյանի, դեռևս բախվում է բազմաթիվ մարտահրավերների՝ ընտանեկան բռնությունից մինչև հասարակական սեռային խտրականություն։ Նա նշեց, որ ՄԻԵԴ-ի որոշումներն այն հիմքն են, որի վրա կարելի է կառուցել ազգային օրենսդրական բարեփոխումներ՝ ուղղված կանանց իրավունքների պաշտպանությանը և նրանց դերի ընդլայնմանը։
Շահերի պաշտպանության գործիքակազմի և մեխանիզմների մասին հանդես եկավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։
Շահերի պաշտպանության համընդհանուր մեխանիզմների մասին խոսելիս տիկին Հարությունյանը նշեց, որ շահերի պաշտպանությունը ներառում է անձի, խմբի կամ կազմակերպության իրավունքների հստակեցման և պահպանման ամբողջական գործընթացը։ Այն ընդգրկում է օրինական, էթիկական և քաղաքական մեթոդներ՝ ուղղված արդարության, անվտանգության և հավասարության ապահովմանը։
Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց ՄԱԿ-ի մի շարք կոնվենցիաներին, որոնք կենտրոնացած են մարդու իրավունքների պաշտպանության վրա․
– 1948 թ․ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
– 1966 թ․ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագիր
– 1966 թ․ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին դաշնագիր
– 1969 թ․ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա
– Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մի շարք նախադեպային գործերի, որոնք շահերի պաշտպանության ոլորտում կարևոր օրինակներ են։
Մեր ինտենսիվ օրվա ավարտին բանախոսությամբ հանդես եկավ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին, 2-րդ փուլի» ծրագրի համակարգող Լիլիթ Սեֆիլյանը։
«Կանանց իրավունքները հայաստանյան իրականության համատեքստում» թեմայով անդրադարձ կատարվեց վերջին տարիներին Հայաստանում կանանց իրավունքների հետ կապված մարտահրավերներին և հասարակական փոփոխություններին։
Չնայած սահմանադրությամբ և օրենքներով կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը երաշխավորված է, գործնականում առկա են մի շարք մարտահրավերներ։ Հիմնական խնդիրներից են․
– Ընտանեկան բռնությունը
Թեև 2017 թվականին ընդունվել է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը, այն դեռևս լիարժեք արդյունավետ չէ։
– Կանանց ցածր մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում
Թեև կանանց քաղաքական մասնակցությունը աճում է, նրանց ներգրավվածությունը բարձրաստիճան պաշտոններում դեռևս սահմանափակ է։
«Այս մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ են շարունակական օրենսդրական բարեփոխումներ, հասարակական կարծիքի փոփոխություն և կրթության մակարդակի բարձրացում՝ գենդերային հավասարության գաղափարը խթանելու համար»։
Խմբային քննարկում կազմակերպվեց, որտեղ խմբերից յուրաքանչյուրը անդրադարձավ իր թեմային։ Մասնավորապես քննարկվեցին խտրականության դեպքերը աշխատավայրում, ոստիկանությունում, կրթական համակարգում և ընտանեկան կյանքում՝ դրանց բացասական հետևանքներով։
Դասընթացի վերջում մասնակիցներին հավաստագրեր հանձնեց Lիբերալ քաղաքականության ինստիտուտի ծրագրերի համակարգող Շուշան Ավագյանը։