Գործունեություն
«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագիրը մեկնարկեց 2024թ. նոյեմբերի 22-ին՝ Ծաղկաձորում

«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագիրը մեկնարկեց 2024թ. նոյեմբերի 22-ին՝ Ծաղկաձորում

Սիրելի՛ հետևորդներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ Լիբերալ քաղաքականության ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ մեկնարկել է «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագիրը։ Ծրագիրը նախատեսված է մարզերի երիտասարդ իրավապաշտպանների համար, ովքեր եռօրյա դասընթացի շրջանակներում ստացված գիտելիքներն ու հմտությունները կկարողանան իրացնել ենթադրամաշնորհային ծրագրերի միջոցով։

Լիբերալ քաղաքականության ինստիտուտի ծրագրերի համակարգող Շուշան Ավագյանը ողջունեց մասնակիցներին, ներկայացրեց Ինստիտուտի առաքելությունը, իրականացված ռազմավարական ծրագրերը։Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը։
«Այս ծրագիրը միավորում է մեր համատեղ ջանքերը՝ նպաստելու կանանց իրավունքների պաշտպանությանը և նրանց դերի ուժեղացմանը հասարակական և քաղաքական կյանքում»։
Ընդգծվեց կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված արդիական մարտահրավերները, մասնավորապես՝ կանանց քաղաքական մասնակցությունը, համայնքներում կանանց ներգրավածությունը ակտիվ հասարակական կյանքին։

«Համագործակցելով Լիբերալ քաղաքականության ինստիտուտի հետ՝ մենք ձգտում ենք խթանել կանանց ակտիվությունը հասարակական կյանքում, բարձրացնել նրանց ինքնավստահությունը և ստեղծել հնարավորություններ՝ իրենց ձայնն ավելի լսելի դարձնելու համար»,– ընդգծեց տիկին Հարությունյանը։

Ծրագիրը նպատակ ունի ոչ միայն հզորացնել կանանց՝ իրենց իրավունքների պաշտպանության գործում, այլև ստեղծել համագործակցության հարթակ, որտեղ նրանք կարող են կիսվել իրենց փորձով, ստեղծել նոր կապեր և զարգացնել իրենց հմտությունները։
Ծրագրի շրջանակներում բանախոսությամբ հանդես եկավ քաղաքական գործիչ, «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Բանախոսության ընթացքում պարոն Մարուքյանն անդրադարձավ ռազմավարական դատավարություններին՝ քննարկելով մի շարք նախադեպային գործեր, որոնք իրավապաշտպանության ոլորտում կարևոր օրինակներ են։

«Պետք է հստակ տարանջատել իրավաբանությունը և իրավապաշտպանությունը։ Իրավաբանը առաջնորդվում է միայն օրենքներով․ ցանկացած լուծում տրվում է օրենքի շրջանակներում, իսկ իրավապաշտպանը փորձում է լուծում գտնել սահմաններից և օրենքներից դուրս»։
Պարոն Մարուքյանը բանախոսության ավարտին հավելեց․
«Հուսով եմ, որ ծրագրի մասնակիցները կկիսվեն իրենց ձեռք բերած գիտելիքներով և հմտություններով իրենց համայնքներում՝ ապահովելով ստացված գիտելիքի և հմտության բազմապատկման էֆֆեկտը»։

Առաջին օրվա աավարտին Լիբերալ քաղաքականության ինստիտուտի ներկայացուցիչները կազմակերպեցին Աշախատարան, որի շրջանականերում մասնակիցները բաժանվեցին խմբերի և սկսեցին ձևակերպել մարզային հստակ խնդիրներ։

Խնդրի ձևակերպման հիմքում ընկած էր պատճառների և բացասական հետևանքների մասին փաստեր, վիճակագարություն գտնելը։ Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր ձևակերպած խնդիրը։ Երկրորդ օրվա Աշխատարանի ընթացքում քննարկվել են այդ խնդիրներին հասցեագրելու մեխանիզմները և այն ծրագրերը, որոնք կարող են իրականացվել։