Բուլլինգի կանխարգելումը դպրոցահասակ երեխաների շրջանում
«Կանխարգելենք բուլլինգը դպրոցներում» կարևոր դասընթացով, այսօր, Լիբերալ Քաղաքականության Ինստիտուտը իր գործընկեր ԵՄՀ դասախոս Անի Խուդոյանի հետ Երևանի թիվ 80 դպրոցում էր։
Հանդիպման մեկնարկին իր ողջույնի խոսքը հղեց դպրոցի տնօրեն Ծովինար Մելքումյանը։ Նա կարևորեց դասընթացն ու հույս հայտնեց, որ այս համագործակցությունն իրենց դպրոցի հետ կլինի շարունակական։
Մոտ երկու ժամ տևած հանդիպումն անցավ մեկ շնչով։ 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտներն իրենց ակտիվ ներգրավվածությունը բերեցին քննարկման պրոցեսին։ Դասընթացը ինտերակտիվ էր՝ հարուստ գործնական աշխատանքներով, երեխաների կողմից բերվող օրինակներով, միմյանց ասածը հիմնավոր ժխտելով կամ հաստատելով։
Նախ երեխաները թղթե փոքրիկ լուսարձակների վրա գրեցին, թե ինչին են իրենք ուշադրություն դարձնում ընկեր ընտրելիս։ Շուրջ 25 մասնակիցներ միասին տվեցին 9-ը խումբ պատասխան։ Ամենաշատը «անկեղծության» ջատագովներն էին։
«Ո՞րն է ձեր ուժեղ կողմը» հարցին պատասխանոլուց հետո, երեխաներին առաջարկվեց գունավոր թղթերը ծալել, կտրել վերևի աջ անկյունը, կրկին ծալել, կտրել ձախ մասը, վերևից, ներքևից…
Մասնակիցները հաջորդիվ բացեցին թղթերն ու սկսեցին մեկնաբանել դրանք՝ ըստ իրենց խառնվածքի։ Դասընթացը ամփոփվեց բուլլինգի տիպերի թվարկմամբ ու երեխաների կողմից յուրաքանչյուր տիպի համար բերվող օրինակներով։
Դասընթացի ավարտին երեխաները գրքեր նվեր ստացան, որը կհամալրի դպրոցի ընթերցանության խմբակի գրադարանը։