Ծրագրեր
Միջազգային դեբատ Թբիլիսիում
Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների համատեքստում, մասնավորապես՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ կապված, առավել քան կարևոր է քաղաքացիների մտահոգությունների ճշգրիտ հասցեագրումը, ինչպես նաև դրանց հիման վրա կողմերի միջև երկխոսության կառուցումը։
Այդ նպատակով «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի» (NED) աջակցությամբ իրականացնում է «Լսելով մտահոգությունները՝ կառուցել երկխոսություն» վերտառությամբ ծրագիրը, որի առանցքային կարևորություն ունեցող բաղադրատարրերից մեկը բանավեճի հմտությունների զարգացման միջոցով վիճելի համարվող հարցերի շուրջ քաղաքակիրթ երկխոսության պլատֆորմի ստեղծումն էր, որին Թուրքիայի կողմից ներգրավված էր «3H շարժում» ազատական, երիտասարդական հասարակական կազմակերպությունը։
Նախապես մշակված ծրագրային քարտեզի հիման վրա Թուրքիայում և Հայաստանում իրականացվել են ընդհնաուր թվով 24 երիտասարդի համար նախատեսված դասընթացներ, որի շրջանակներում մասնակիցները ծանոթացել են բանավեճի հմտություններին, հռետորական արվեստին, հանրային խոսքի ճիշտ մշակման կանոններին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությանը։ Միևնույն ժամանակ, դասընթացների ավարտին Երևանում և Ստամբուլում տեղի են ունեցել բանավեճի ազգային փուլեր՝ կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերով։
Ներպետական փուլի բանավեճերի հաղթողները (վեցական մասնակիցներ Հայաստանից և Թուրքիայից) հնարավորություն են ունեցել սույն թվականի հոկտեմբերի 19-21-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպված բանավեճի միջազգային փուլին։ Երկօրյա արտագնա միջոցառումը ենթադրում էր ոչ միայն քաղաքակիրթ եղանակով բանավեճ հայ և թուրք երիտասարդների մասնակցությամբ, այլ նաև կարծիքների փոխանակում, տարբեր հարցերի շուրջ քննարկումներ և շփում։
Ծրագրի հիմնական անկյունաքարը հանդիսացող բանավեճը՝ «Արդյո՞ք պատմությունն ազդում է պետությունների արտաքին քաղաքականության վրա» թեմայով, տեղի ունեցավ Թբիլիսիում՝ Արևելյան Եվրոպայում գործունեություն ծավալող, անկողմնակալ միջազգային ժյուրիի գնահատմամբ։ Յուրաքանչյուր թիմում՝ վիճակահանության արդյունքում, ներգրավված էին և հայ և թուրք մասնակիցներ համամասնորեն։ Ժյուրիի կազմում ընգրկված էին Ֆրիդրի Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Քեթրիմ Բաննախը, հետազոտող, «Control Risk» կազմակերպության փորձագետ Իոսեբ Ձամուկաշվիլին, «Նոր տնտեսական դպրոց – Վրաստան» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գիա Ջանդիերին, վրացի քաղաքական գործիչ, Աթենքի սբ. Գիորգիի դպրոցի հիմնադիր Նանա Թոխվաձեն, ինչպես նաև «Եվրոպայի լիբերալ երիտասարդներ» (LYMEC) կազմակերպության ներկայացուցիչ, էստոնացի քաղաքական գործիչ Տուուլի Հելինդը։
Բանավեճի արդյունքում հաղթող ճանաչվեց «դեմ» դիրքորոշմամբ հանդես եկող թիմը, որը պնդում էր, որ պատմությունը չի ազդում պետությունների արտաքին քաղաքականությունների վրա։ Միջազգային ժյուրիի անդամների պնդմամբ ևս նման ոչ ֆորմալ հանդիպումները չափազանց կարևոր են տեղերում ժողովրդավարության խթանման և բարդ խնդիրների մասին քննարկումների խթանման համար, առանց ինչի անհնար է քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը:
Flora Vardanyan
0