Գործունեություն
«Ազատ խոսքի հավաքը» մեկնարկեց Ծաղկաձորում

«Ազատ խոսքի հավաքը» մեկնարկեց Ծաղկաձորում

 Սեպտեմբերի 20-ին Ծաղկաձորում մեկնարկեց «Ազատ խոսքի հավաքը», որն իրականացվում է Լիբերալ քաղաքականության ինստիտուտի և «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի համատեղ ջանքերով՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի աջակցությամբ։
 Հավաքը միավորում է Հայերեն Վիքիպեդիայում խմբագրման փորձ ունեցող և ծրագրի շրջանակներում խմբագրական հմտություններ ձեռք բերած 37 մասնակիցների, որոնք 4 օրերի ընթացքում հարստացնելու են հայալեզու ամենամեծ առցանց հանրագիտարանը ատելության խոսքին, խտրականությանը, բուլինգին և այլ հարակից ոլորտներին վերաբերող որակյալ հոդվածներով՝ ձգտելով նպաստել հայաստանյան հասարակությունում ատելության խոսքի դեմ պայքարին։
 Հավաքի բացման արարողությունը մեկնարկեց ծրագրին ծանոթացմամբ, որի շրջանակներում ողջույնի խոսքով հանդես եկավ Վիքիմեդիա Հայաստանի նախագահ Արշակ Շահենյանը։
 Նա առանձնահատուկ կերպով կարևորեց նմանօրինակ միջոցառումների միջոցով Հայերեն Վիքիպեդիայի բովանդակության համալրումը հասարակության լայն զանգվածներին հետաքրքրող թեմատիկայով և կարևորեց Լիբերալ քաղաքականության ինստիտուտի հետ կնքված համագործակցության հուշագրից բխող շարունակական համագործակցության կարևորությունը ազատ գիտելիքը մարդկանց հասցնելու գործում։
 Հաջորդիվ խոսքով հանդես եկավ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի ներկայացուցիչ» Նորայր Բաղդասարյանը, ով մասնակիցներին ներկայացրեց թե ինչպես ծագեց նման ծրագիր ունենալու գաղափարը և թե ներկայիս փուլում ինչ նպատակներ է հետապնդում «Ատելության խոսքի դեմ պայքարը՝ ազատ գիտելիքի տարածման միջոցով» խորագիրը կրող ծրագիրը։
 Բացման արարողությունն իր խոսքով եզրափակեց Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արմեն Գրիգորյանը, ով կարևորեց ատելության խոսքի դեմ պայքարում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ աշխատանքը և համագործակցությունը տարբեր շահագրգիռ կողմերի հետ։
 Արմեն Գրիգորյանը Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի անունից հավաքի մասնակիցներին նվիրեց թեմատիկ ձեռնարկներ։