Գործունեություն
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի և Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի (Friedrich Naumann Foundation for Freedom Armenia) համագործակցության շրջանակներում, տեղի ունեցավ սեմինար, որին մասնակցեցին շուրջ 50 երիտասարդներ։
Դասընթացի շրջանակներում բանախոսների կողմից ներկայացվեցին հետևյալ դասախոսությունները.
7-րդ գումարման ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, լրագրող-իրավագետ Անի Սամսոնյանը ներկայացրեց ատելության խոսքի ազդեցությունը քաղաքականության և քաղաքական առանձին գործընթացների վրա։
Փաստաբան, մարդու իրավունքների ոլորտի փորձագետ Տաթև Մատինյանն իր բանախոսության շրջանակներում անդրադարձավ ատելության խոսքի և խոսքի ազատության հարաբերակցության և սահմանազատման հիմնախնդրին։
Փաստաբան, ԵԽ փորձագետ Արա Ղազարյանը ներկայացրեց ոլորտին վերաբերող դատական պրակտիկան, ինչպես նաև հանդես եկավ բանախոսությամբ՝ «Ատելության խոսքի սահմանումը։ Ատելության խոսքը ինտերնետում» թեմայով։
Անդրադառնալով քննարկվող հարցի մեդիա կարգավորմանը՝ «Սկզբունքային տարբերությունները մեդիա կարգավորման և գրաքննության միջև» վերտառությամբ դասախոսությամբ հանդես եկավ նաև Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Դասախոսություններից հետո ծավալվեցին քննարկումներ և հարց ու պատասխան, որի ընթացքում դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան սպառիչ պատասխաններ ստանալ բոլորին հուզող թեմայի վերաբերյալ։