Գործունեություն
Համագործակցության հուշագիր ՄԻՊ գրասենյակի հետ

Համագործակցության հուշագիր ՄԻՊ գրասենյակի հետ

Նոյեմբերի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ու «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ նախագահ Տաթևիկ Մատինյանը կնքեցին համագործակցության հուշագիր: Արարողությանը ներկա էր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Nico Schermers, The Ambassador of the Netherlands in Armenia:

Հուշագրի ստորագրմամբ կողմերը պայմանավորվեցին համագործակցել ի պաշտպանություն անձի արժանապատվության և խտրականությունից զերծ լինելու իրավունքի՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային դրությունից, ծննդից կամ ինքնության ցանկացած այլ գործոնից, այդ թվում՝ նույն նպատակով համատեղել իրենց ջանքերը Embassy of the Netherlands in Armenia-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ատելության խոսքի դեմ պայքար՝ հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի շրջանակներում։

Հուշագրի ստորագրմանը նախորդող քննարկման ժամանակ Պաշտպանը և տիկին Մատինյանը շնորհակալություն հայտնեցին դեսպան Սխերմերսին՝ ատելության խոսքի դեմ պայքարում գործուն աջակցություն ցուցաբերելու համար։ Ինչին ի պատասխան Դեսպանը հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի մշակել այնպիսի արդյունավետ գործիքակազմ, որը կիրառելի կլինի ատելության խոսքի տարածման կանխարգելման համար ոչ միայն Հայաստանում, այլ նաև ցանկացած երկրում, այդ թվում նաև Նիդերլանդներում։