Ենթադրամաշնորհային պայմանագրի կնքում «Շամս» մարդասիրական ՀԿ-ի հետ։
Լիբերալ քաղաքականության ինստիտուտը շարունակում է իր համագործակցությունը համայնքներում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ։
«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակում Լիբերալ քաղաքականության ինստիտուտը այսօր կնքեց նոր ենթադրամաշնորհային պայմանագիր «Շամս» մարդասիրական ՀԿ-ի հետ։
«Շամս» ՀԿ-ն շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2015 թվականին Հայաստանում։ Կազմակերպությունը գործում է հումանիտար սկզբունքներով՝ նպաստելով ազգային փոքրամասնությունների, մասնավորապես եզդի համայնքի խնդիրների արդյունավետ լուծմանը։ «Շամս» ՀԿ-ի առաքելությունն է ապահովել ազգային փոքրամասնությունների բարեկեցությունը և հասնել նրանց իրավունքների լիարժեք պաշտպանությանը։ Կազմակերպությունը գործում է իրավական, սոցիալ-մշակութային համատեքստում՝ համագործակցելով պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ։
Այս ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել տեղեկատվական հանդիպումներ եզդի կանանց հետ՝ նպատակ ունենալով բարձրացնել նրանց իրավագիտակցությունը և խթանել հասարակական կյանքում նրանց ներգրավվածությունը։ Նախաձեռնությունը կնպաստի եզդի կանանց հզորացմանը՝ տալով նրանց հնարավորություն ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք կօգնեն հաղթահարել համայնքային ու հասարակական մարտահրավերները։
Ծրագիրը միտված է ոչ միայն կանանց ուժեղացմանը, այլև ընդգծում է հասարակության տարբեր խմբերի ներգրավվածության կարևորությունը՝ հավասար հնարավորությունների և ուժեղ համայնքների ձևավորման գործընթացում։