
Հզորացնելով կականց իրավունքների պաշտպաններին Երևանում (օր 1-ին)
«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակներում նախորդ տարվա ավարտին ՀՀ բոլոր մարզերից 50 իրավապաշտպանությամբ հետաքրքրված անձինք մասնակցեցին եռօրյա վերապատրաստման դասընթացի, հնարավորություն ունենալով ստացված գիտելիքներն ու հմտությունները կիրառել ենթադրամաշնորհային ծրագրերի միջոցով։
2025 թ. փետրվարի 15-ին ծրագիրը մեկնարկեց Երևանում՝ նախատեսված լինելով մայրաքաղաքում բնակվող կամ գործունեություն ծավալող անձանց համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց իրավապաշտպան գործունեությունը։
Լիբերալ քաղաքականության ինստիտուտի ծրագրերի համակարգողներ Մհեր Բաղդասարյանը և Շուշան Ավագյանը ողջունեցին մասնակիցներին, ներկայացրին Ինստիտուտի առաքելությունը և ռազմավարական ծրագրերը։
Քննարկվեցին կանանց իրավունքների պաշտպանության արդիական մարտահրավերները, մասնավորապես՝ կանանց քաղաքական մասնակցությունը և համայնքային ներգրավվածությունը հասարակական ակտիվ կյանքում։
Ծրագիրը նպատակ ունի ոչ միայն հզորացնել կանանց՝ իրենց իրավունքների պաշտպանության գործում, այլև ստեղծել համագործակցության հարթակ՝ փորձի փոխանակման, նոր կապերի ձևավորման և հմտությունների զարգացման համար։
«Մարդու իրավունքները ոտնահարելն ամենակարճ ճանապարհն է դեպի քաոս»։ – Կոֆի Անան Դասընթացների շարքը մեկնարկեց ԼՔԻ ղեկավար, փաստաբան, մարդու իրավունքների փորձագետ Տաթևիկ Մատինյանի բանախոսությամբ՝ մարդու հիմնարար և բացարձակ իրավունքների մասին։ Նա ներկայացրեց դրանց պաշտպանության իրավական մեխանիզմները՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոսքի ազատության և ատելության խոսքի նուրբ սահմանագծին։ Մարդու իրավունքների պաշտպանությունը արդիական հասարակության հիմքն է, որտեղ օրենքն ու արդարությունը երաշխավորում են յուրաքանչյուրի ազատություններն ու անվտանգությունը։Հաջորդ բանախոսությամբ հանդես եկավ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին, 2-րդ փուլի» ծրագրի համակարգող Լիլիթ Սեֆիլյանը՝ ներկայացնելով «Կանանց իրավունքները հայաստանյան իրականության համատեքստում» թեման։ Բանախոսության ընթացքում քննարկվեցին վերջին տարիներին կանանց իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները և հասարակական փոփոխությունները։ Չնայած սահմանադրությամբ և օրենքներով կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը երաշխավորված է, գործնականում դեռևս առկա են մի շարք խնդիրներ, այդ թվում՝
• Ընտանեկան բռնությունը, որը, թեև 2017թ. ընդունված օրենքով կարգավորվում է, սակայն արդյունավետության հարցը շարունակում է մնալ օրակարգում,
• Կանանց ցածր մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում, ինչը հատկապես տեսանելի է բարձրաստիճան պաշտոններում։
- Խմբային քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց
Կանանց նկատմամբ խտրականության և բռնության կանխարգելման գործիքներին, - Իրավական մեխանիզմներին՝ կանանց իրավունքների պաշտպանության համար,
- Իրավապաշտպան գործունեության գործնական կիրառման հմտություններին։ Մասնակիցները նաև վերլուծեցին խտրականության դեպքերը՝ աշխատավայրում, իրավապահ և կրթական համակարգերում և ընտանեկան կյանքում՝ քննարկելով դրանց բացասական հետևանքները։
Ռազմավարական դատավարությունը իրավապաշտպան գործունեության կարևոր գործիքակազմերից է, որը ոչ միայն լուծում է կոնկրետ իրավական հարցեր, այլև նպաստում հասարակական փոփոխություններին և համակարգային բարեփոխումներին։ Ինչպե՞ս կարող է մեկ դատական գործը նպաստել հավասարության, մարդու իրավունքների պաշտպանության և արդարության հաստատմանը։ Այս հարցը քննարկվեց «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանի բանախոսության ընթացքում։ Բանախոսը ներկայացրեց մի շարք ռազմավարական գործեր, այդ թվում՝
- Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի,
- Ենգիբարյանն ու Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի։
Մարուքյանը նշեց, որ այս գործերը կարևոր նախադեպ են ստեղծել իրավապաշտպանության ոլորտում։ Բանախոսությունը եզրափակվեց ակտիվ հարցուպատասխանով։
———-
Ծրագիրն իրականացնում է Լիբերալ քաղաքականության ինստիտուտը՝ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։
Դասընթացը նաև ինտերակտիվ էր, լի քննարկումներով։