Գործունեություն
«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի երկրորդ խմբի դասընթացների մեկնարկն ու առաջին օրը։

«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի երկրորդ խմբի դասընթացների մեկնարկն ու առաջին օրը։

«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի եռօրյան մեկնարկեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի բանախությամբ։
Տիկին Հարությունյանը ներկայացրեց շահերի պաշտպանության գործիքակազմը և մեխանիզմները. խոսեց շահերի պաշտպանության համընդհանուր մեխանիզմների մասին՝ ընդգծելով, որ դրանք ներառում են անձի, խմբի կամ կազմակերպության իրավունքների հստակեցման և պահպանման ամբողջական գործընթաց։ Այս մեխանիզմները հիմնված են օրինական, էթիկական և քաղաքական մոտեցումների վրա՝ ուղղված արդարության, հավասարության և անվտանգության ապահովմանը։

Բանախոսության ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց ՄԱԿ-ի կարևոր փաստաթղթերին, որոնք մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարերն են․
– 1948 թ․ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
– 1966 թ․ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագիր
– 1966 թ․ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին դաշնագիր
– 1969 թ․ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա
– Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա
Քննարկումն ընդգրկեց նաև մի շարք նախադեպային գործերի վերլուծություն, որոնք կարևոր դեր են խաղացել շահերի պաշտպանության գործնական կիրառման գործընթացում։
«Իրավապաշտպանությունը մի ճանապարհ է, որտեղ անձնվիրությունն ու հետևողականությունը կարող են փոփոխություն բերել՝ երաշխավորելով, որ մարդուն տրված իրավունքները կլինեն ոչ թե թղթի վրա գրված խոստումներ, այլ իրականություն»,- ընդգծեց Արթուր Սաքունցը։
Թեման՝ «Իրավապաշտպանությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքար»
«Իրավապաշտպանները կարևոր դեր են խաղում՝ կենտրոնանալով օրենքների կատարելագործման, խտրականության դեմ պայքարի, հասարակության իրազեկության բարձրացման և արդարադատության համակարգի զարգացման գործում:
Նրանք բարձրաձայնում են հարցեր մարդու իրավունքների խախտումների մասին, աջակցում խոցելի խմբերին և ներգրավվում կրթական ու իրավական նախաձեռնություններում»,- իր բանախոսությունում առանձնացրեց Արթուր Սաքունցը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահը։
Նա կարևորեց յուրաքանչյուր քաղաքացու գիտելիքների բարձրացման և իրավագիտակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ իրավապաշտպանությունը կոչված է պաշտպանել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ անկախ սեռից, ծագումից կամ այլ հատկանիշներից։
Առաջին օրվա երափակիչ բանախոսությունը Լիլիթ Սեֆիլյանին էր («Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին, 2-րդ փուլի» ծրագրի համակարգող)։
«Կանանց իրավունքները հայաստանյան իրականության համատեքստում» թեմայով անդրադարձ կատարվեց վերջին տարիներին Հայաստանում կանանց իրավունքների հետ կապված մարտահրավերներին և հասարակական փոփոխություններին։
Չնայած սահմանադրությամբ և օրենքներով կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը երաշխավորված է, գործնականում առկա են մի շարք մարտահրավերներ։ Հիմնական խնդիրներից են․
– Ընտանեկան բռնությունը
Թեև 2017 թվականին ընդունվել է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը, այն դեռևս լիարժեք արդյունավետ չէ։
– Կանանց ցածր մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում
Թեև կանանց քաղաքական մասնակցությունը աճում է, նրանց ներգրավվածությունը բարձրաստիճան պաշտոններում դեռևս սահմանափակ է։
«Այս մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ են շարունակական օրենսդրական բարեփոխումներ, հասարակական կարծիքի փոփոխություն և կրթության մակարդակի բարձրացում՝ գենդերային հավասարության գաղափարը խթանելու համար»։