Գործունեություն
Հանրային լսումներ՝ հայ֊թուրքական սահմանին մոտ բնակավայրերում

Հանրային լսումներ՝ հայ֊թուրքական սահմանին մոտ բնակավայրերում

Նախորդ տարվա վերջին եռամսյակին Լիբերալ քաղաքականության ինստիտուտը «Լսելով մտահոգությունները՝ կառուցելով երկխոսություն» ծրագրի շրջանակներում անցկացրել է հանրային լսումներ հայ-թուրքական սահմանին տեղակայված մի շարք բնակավայրերում։ Ընդհանուր առմամբ կազմակերպվել է 8 հանդիպում. Շիրակի, Արարատի և Արմավիրի մարզերի գյուղական և քաղաքային բնակավայրերում։
Հանրային լսումների ընթացքում բնակիչների հետ քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների մի շարք ասպեկտներ և հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը՝ մասնավորապես։

Քննարկման կիզակետում են եղել հետևյալ հարցերը՝
• Գյուղատնտեսական ապրանքների մրցունակությունը սահմանի վերաբացման դեպքում,
• Բիզնես հնարավորությունները,
• Անվտանգության հիմնախնդիրը,
• Նախապայմաններ առաջադրելու քաղաքականությունը։

Հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստան-Թուրքիա սահմանամերձ համայնքներում իրականացված հարցումների արդյունքները և Ինստիտուտի փորձագետների կողմից մշակված քաղաքականության փաստաթղթերը։

Ներկաներն իրենց հերթին հնչեցրել են մի շարք հարցեր, բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, արտահայտել իրենց կարծիքը հարցերի շուրջ։


Հիշեցնենք, որ Ինստիտուտը իրականացրել էր հանրային կարծիքի հետազոտություն, որոնց հիման վրա մշակվել էր քաղաքականությն 3 փաստաթուղթ։ Փաստաթղթերն իրենց մեջ ներառում են առաջարկներ իրավական, քաղաքական և տնտեսական ուղղություններով։ Հետազոտությունը առաջարկների հետ միասին տրամադրվել էր որոշում կայացնող մարմիններին։
Հանդիպումներին ներկա են եղել Ինստիտուտի ներկայացուցիչները, փորձագետները, բարձրաստիճան պաշտոնատար անձիք, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, համայնքային ծառայողներ, ՔՀԿ ներկայացուցիչներ, և համայնքում ապրող մտահոգ քաղաքացիներ։
Հանրային լսումները բնակավայրերում դեռ շարունակվում են։ Հունվար ամսին Լիբերալ քաղաքականության ինստիտուտը հրապարակելու է հետազոտությունը և քաղաքականության փաստաթղթերը, ինչպես նաև նախաձեռնելու է նմանատիպ հանդիպում՝ Երևանում։


Ծրագիրն իրականացվում է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի» (NED) աջակցությամբ։