Միջոցառումներ
Քաղաքական PR

Քաղաքական PR

Քաղաքականության մեջ բացի բուն քաղաքական գործողություններից, կարևոր են քաղաքական գործիչների մասին մարդկանց ընկալումները և պատկերացումները։ Հասարակայնության հետ կապերը (PR) և իմիջը այն հիմնասյուններն են, որոնք ծառայում են քաղաքական գործիչների համար որպես ցատկահարթակ: Քաղաքական իմիջի, դրա կարևորության, 4 գունատիպերի մասին խոսեց սոցիոլոգ, ս․գ․թ․, PR մասնագետ, “SPRING-PR-Company” ընկերության համահիմնադիր Նվարդ Մելքոնյանը։ Դասախոսությունը հագեցած էր համաշխարհային ժամանակակից քաղաքականության վառ ներկայացուցիչների օրինակներով, ինչը էլ ավելի դյուրացրեց թեմայի ընկալումը։
 

Ի լրումն.
Քաղաքական իմիջ (անգլերեն` «political image») տերմինն առաջին անգամ օգտագործվել է 20-րդ դարում, անգլիացի քաղաքագետ Գրեհեմ Ուոլլեսի կողմից: Վերջինս մարդկանց կոլեկտիվ և զանգվածային պահվածքն ուսումնասիրելուց հետո ապացուցել է, որ ընտրողների միտքը նման է «դանդաղեցված ֆոտոժապավենի», այն արտացոլում է ավելի շուտ համընդհանուր ու երկարատև ընկալում, դիրքորոշում և գնահատական տվյալ քաղաքական գործչի, կուսակցության ու ծրագրի մասին, քան ղեկավարվում է ռացիոնալ մոտեցմամբ դեպի քաղաքականության մեջ պայքարող կուսակցությունները:

Շատ մասնագետների կարծիքով` առանց անհրաժեշտ իմիջ ստեղծելու, քաղաքական գործիչը հաջողության չի հասնի: Իմիջի շրջանակներում մշակվում են քաղաքական գործչի խոսքը, արտաքին տեսքը, շարժումները: Իմիջի ստեղծման կարևորագույն պահանջներից է իրականության հետ կապը պահելը: