Գործունեություն
2023թ. «Կանանց հզորացման ակադեմիա»

2023թ. «Կանանց հզորացման ակադեմիա»

2023թ. Ապրիլի 14-ին մեկնարկեց «Կանանց հզորացման ակադեմիան»։

Ակադեմիայի առաջին օրը մասնակիցները ծանոթացան միմյանց հետ, քննարկեցին օրակարգը։

Երկրորդ օրը մեկնարկեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթով՝ «Կանանց դերը քաղաքական կյանքում» խորագրով։

Նա նշեց, որ օրենսդրությունը նախատեսել է պահանջ՝ կանանց ներգրավել ընտրական ցուցակներում, սակայն դա հանգեցրել է այն խնդրին, որ կա պարտադիր օրենսդրական պահանջ, սակայն չկան քաղաքականության մեջ ակտիվ մասնակցություն ունենալու ցանկություն և պատրաստակամություն ունեցող կանայք։

Պարոն Մարուքյանն ընդգծեց, որ ստեղծված կարծրատիպերի դեմ պայքարում արդյունավետ է ներկայանալ սեփական օրինակով, իսկ նման ակադեմիաները կարող են նպաստել կանանց հզորացմանը։

Երկրորդ օրվա երկրոդ բանախոսը «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տաթևիկ Մատինյանն էր, ում հետ մասնակիցները անձնական Canvas֊ներ մշակեցին:

Նա մասնակիցների հետ կիսվեց իր անձնական փորձառությամբ և պատմությամբ։ Մասնակիցներն անհատական կանվասների մեջ ամփոփվեցին իրենց մասնագիտական ճանապարհին և անձնային առաջընթացին դիմագրավող մարտահրավերները, մտահոգող խնդիրները, ինչպես նաև այն դրական հանգամանքներն ու մոտիվները, որոնք ուղղորդում են դեպի նպատակ և նախընտրելի սոցիալական դեր։

«Կանանց հզորացման ակադեմիայի» երկրորդ օրվա հատուկ հյուրն էր ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը: 

 

Նա ներկայացրեց կանանց հզորացման ոլորտում Դեսպանատան իրականացրած և ընթացիկ ծրագրերը։ Դեսպանը պատասխանեց Ակադեմիայի մասնակիցների հարցերին և լսեց ոլորտի բարելավման խոչընդոտների հետ կապված կանանց մտահագությունները: 

Ուշ երեկոյան էլ Սխերմեսի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Agavni Jessaijan-ի մասնակցությամբ նկարահանված վավերագրական ֆիլմի դիտում և քննարկում։ Աղավնին ծնվել է Նիդերլանդներում, հայրը հայ է, մայրը՝ նիդերլանդուհի։ 



Վերջինս Նիդերլանդներում մեծ լսարան ունեցող հեռուստահաղորդման հաղթող է։  Նա ՀՀ֊ում Նիդերլանդների դեսպանատան կողմից հրավիրվել է Հայաստան. այցելել է ՀՀ մարզերում ապրող կանանց, նրանց հետ ժամանակ անցկացրել, ծանոթացել կենցաղին։ Հանդիպել է քաղաքական գործիչների, աղջիկ ուսանողների հետ։

Այս ամենի մասին պատմվում է ֆիլմում։ Ֆիլմի պատրաստումը հնարավոր է դարձել Sun Tree NGO -ի շնորհիվ` Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։

Երկրորդ օրվա երրորդ բանախոս Էդգար Մարուքյանի հետ հանդիպումը նվիրված էր ճանաչողական կողմնակալությանը՝ քննադատական մտածողության համատեքստում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր ասպեկտներ՝ կյանքի, հաղորդակցության և ինֆորմացիայի վերաբերյալ.

֊ինչպե՞ս զանազանել ճիշտ ու սխալ ինֆորմացիան,

֊ինչպե՞ս տարբերել մանիպուլյացիան:

Կին քաղաքական գործիչների իմիջի մասին օգտակար դասախոսություն ունեցավ PR մասնագետ, ԵՊՀ Սոցիալան աշխատանքի և սոցիոլական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, սոց.գիտ.թեկնածու Նվարդ Մելքոնյանը։

Խոսվեց հանրային անձանց արտաքին տեսքի, հագուստի, ժեստերի մասին, որոնք շատ կարևոր են հանրային կյանքում։

 Կանանց հզորացման ակադեմիայի երրորդ օրվա դասախոսությունների շարքը բացեց Նիդերլանդական VVD International կուսակցության ներկայացուցիչ, Առնհեմի եւ Հաագայի նախկին քաղաքապետ, Ամստերդամի քաղաքային խորհրդի ավագ անդամ, 2015-2017թթ. Նիդերլանդների Թագավորության Սենատի պատգամավոր Պաուլին Քրիքը, ով որպես հաջողակ կին քաղաքական առաջնորդ կիսվեց իր անցած ճանապարհով և փորձառությամբ։

Բանախոսությանը հաջորդեց ակտիվ հարց ու պատասխանը, որի շրջանակներում անդրադարձ կատարվեց կանանց քաղաքական առաջնորդության կարեւորությանը, մարտահրավերներին եւ ստեղծված նոր հնարավորություններին։

Հաջորդիվ դասախոսեց Արմեն Ղուկասյանը: Նա Կանանց հզորացման ակադեմիայի մասնակից կանանց ներկայացրեց հանրային խոսքի համար անհրաժեշտ հմտությունները։

Քննարկեցին հանրային ելույթի նպատակը, ելույթի տեսակները այլ կարևոր դետալներ։

Օրվա վերջում պանելային քննարկում էր։  Քննարկմանը հյուրընկալվել էին ԱԺ 7֊րդ գումարման պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Անի Սամսոնյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Լուսինե Գևորգյանը։ 

Նրանք ակադեմիայի մասնակիցներին ներկայացրին իրենց քաղաքական փորձը, պատասխանեցին նրանց հարցերին, տվեցին գործնական խորհուրդներ։
Այնուհետև մասանկիցները բաժանվեցին 4 խմբի։ Յուրաքանչյուր խումբ պատրաստեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ծրագիր և ներկայացրեց այն։

 Ներկայացումներից հետո բանախոսները վեր հանեցին ելույթների ուժեղ և թույլ կողմերը։

Այսպիսով ավարտվեց «Կանանց հզորացման ակադեմիայի» ևս մեկ դասընթաց։ Դասընթացի ավարտին մասնակիցներին հավաստագրեր հանձնեց Պաուլին Քրիքը։
Ծրագիրն իրականացվեց VVD International-ի աջակցությամբ: