Միջոցառումներ
«Լիբերալ քաղաքականության դպրոցի» յոթերորդ հոսքի ուսանողների այցը ԱԺ

«Լիբերալ քաղաքականության դպրոցի» յոթերորդ հոսքի ուսանողների այցը ԱԺ

«Լիբերալ քաղաքականության դպրոցի» յոթերորդ հոսքի ուսանողները ճանաչողական այց կատարեցին ՀՀ Ազգային Ժողով, որի շրջանակներում հանդիպեցին ԱԺ պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանի և նույն հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանի հետ։

Հանդիպման ընթացքում հարցուպատասխան ձևաչափով անդադարձ է կատարվել մի շարք հարցերի. Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքին, խորհրդարանական դիվանագիտությանը, ՀՀ անվտանգային միջավայրին՝ մասնավորապես տեղեկատվական անվտանգությանը, քաղաքականության մեջ կանանց ներգրավածության կարևորությանը։

Արուսյակ Ջուլհակյանն ուսանողներին ներկայացրել է օրենքների մշակման, փոփոխման եւ ընդունման կարգը, տեղեկացրել, որ վերջին ժամանակներում ընդունվել են Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը։ Պատգամավորն անդրադարձել է նաև ոստիկանության ոլորտում կատարված բարեփոխումներին և նորաստեղծ նախարարությանը։

Խոսելով հասարակության իրազեկվածության մասին՝ Լիլիթ Մինասյանը տեղեկացրել է, որ հասարակությանը հետաքրքրող նախագծեր քննարկելուց առաջ մշտապես կազմակերպվում են հանրային լսումներ։ Պատգամավորն ընդգծել է, որ շահագրգիռ կողմերին հնարավորություն է ընձեռված մասնակցելու դրանց և հայտնելու իրենց կարծիքը։ Նրանք կարող են ներկայացնել նաև առաջարկներ։
Հանդիպման ընթացքում կարեւորվել է մեդիագրագիտությունը։ Ուսանողի այն դիտարկմանը, որ ազատության կիրառելիության խնդիր է առկա նշյալ ոլորտում, Լիլիթ Մինասյանն ընդգծել է, որ ազատության սահմանափակումը ճիշտ չէ. ազատության սահմանափակմամբ հնարավոր չէ վերահսկել կեղծ տեղեկատվության տարածումը։ Նա փաստել է, որ հատկապես պատերազմից հետո հասարակության մեջ բարձրացել է մեդիագրագիտության մակարդակը։

Պատգամավորներն անդրադարձել են խորհրդարանական դիվանագիտությանը՝ կարևորելով միջազգային հարթակներում Հայաստանի ներկայացվածությունը։ Ընդգծել են, որ միջազգային հնարավոր բոլոր հարթակներում բարձրաձայնվում են Հայաստանում եւ Արցախում առկա խնդիրները։

Ուսանողներն այցի շրջանակում եղել են ԱԺ գրադարանում, նիստերի դահլիճում և թանգարանում: