Գործունեություն
Ատելության խոսքի հաղթահարման ուղղությունները

Ատելության խոսքի հաղթահարման ուղղությունները

Ավարտվեց «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ»-ի կողմից Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսավորմամբ իրականացվող «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Ատելության խոսքի հաղթահարման հիմնական ուղղությունները» դասընթացը։

Հագեցած երկօրյա դասընթացին մասնակցեցին 7 կուսակցություններից 24 ներկայացուցիչներ, ովքեր ակտիվ և կառուցողական քննարկումներ ունեցան ատելության խոսքի բացառման վերաբերյալ։

Այս օրերին դասախոսություններով հանդես եկան.

Փաստաբան, ատելության խոսքի ոլորտի մասնագետ, Եվրոպայի խորհրդի փորձագետ Արա Ղազարյանը, ով ներկայացրեց «Ինչ է ատեության խոսքը» թեման։

PR մասնագետ, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, դոցենտ Նվարդ Մելքոնյանը, ով ներկայացրեց «Հաղորդակցության հմտություններ. լինելով տարակարծիք` չդառնալ ատելության խոսքի տարածող» թեման։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Մոնիկա Սարգսյանը, ով մասնակիցներին ներկայացրեց «Ատելության խոսքը և մարդու իրավունքները. ի՞նչ է հարկավոր վերանայել ներպետական օրենսդրական դաշտում մարդու իրավունքների պաշտպանության համար» դասախոսությունը։

Մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանը, ում դասախոսությունը նվիրված էր «Ինչպես աշխատել լրատվության միջոցների հետ՝ բացառելով ատելության խոսքը» թեմային։

Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Արփինե Հովհաննիսյանը, ով լսարանին մատուցեց «Կեղծ լուրերը` որպես ատելության խոսքի տարածման միջոց. պաշտոնատար անձանց քննադատությունը» թեմայով դասախոսություն։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փորձագետ Հասմիկ Հարությունյանը, ով խոսեց «Ատելության խոսքը և մարդու իրավունքները. տեսանելի և ոչ տեսանելի հետևանքներ»֊ից։

Դասընթացի ավարտին, «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ»֊ի նախագահ Տաթևիկ Մատինյանը բոլոր մասնակիցներին հավաստագրեր հանձնեց և հույս հայտնեց, որ նման դասընթացները կնպաստեն ատելության խոսքի բացառմանը քաղաքական գործիչների խոսույթից ու վստահեցրեց, որ այս միջոցառումները կլինեն շարունակական։