Գործունեություն
Համագործակցության հուշագիր է կնքվել ԼՔԻ և ՀՄԿ֊ի միջև

Համագործակցության հուշագիր է կնքվել ԼՔԻ և ՀՄԿ֊ի միջև

«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության միջև կնքվել է համագործակցության հուշագիր։

  • Հաշվի առնելով ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ողջ աշխարհում անհանգստացնող արագությամբ ծավալվող դպրոցական բուլինգի դեպքերը,
  •  Հաշվի առնելով դպրոցական բուլինգի և բուլինգի այլ դրսևորումների տարածման դեմ մղվող երկարամյա պայքարը,
  •  Հասկանալով, որ բուլինգը կարող է ունենալ չափազանց ծանր հետևանքներ թիրախավորված անձանց և խմբերի համար՝ հանգեցնելով նրանց հիմնարար իրավունքների խախտմանը,
  • Նպատակ ունենալով պայքարել անհանդուրժողականության դեմ,
  •  Հստակ արձանագրելով, որ բուլինգը հակաօրինակական երևույթ է և որևէ պարագայում չի կարող պաշտպանվել օրենքով,
  •  Առաջնորդվելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը նվիրված միջազգային և ներպետական ակտերով ընդունված սկզբունքներով՝ Կողմերը որոշեցին կնքել սույն Հուշագիրը՝ հետևյալի մասին, որ համագործակցելու են ի պաշտպանություն բուլինգից ազատ դպրոցի և հասարակության, և պաշտպանելու են անհատների իրավունքները անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային դրությունից, ծննդից կամ ինքնության ցանկացած այլ գործոնից, անկախ ուսումնական առաջընթացից, այդ թվում՝ նույն նպատակով համատեղելու են իրենց ջանքերը Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Բուլինգից ազատ դպրոց» ծրագրի շրջանակներում։
    Կողմերը պայմանավորվեցին համատեղ ուժերով, ի թիվս այլնի, իրականացնել դպրոցներում բուլինգի իրավիճակի քարտեզագրում, ուսուցիչների և կրթական ոլորտում աշխատող այլ անձանց համար մշակել և հրատարակել երկլեզու ձեռնարկ, ինչպես նաև ձեռնամուխ լինել «Բուլինգից զերծ դպրոցների» ազգային մեխանիզմների մշակման և փորձարկման։
    Հրատարակված ձեռնարկը էլեկտրոնային և թղթային տարբերակով կօգտագործվի ՀՄԿ-ի կողմից իրականացվող սեմինարների, վերապատրաստումների, խորհրդատվությունների և այլ հանրային միջոցառումների ժամանակ։